Ինչ անել

By admin, 4 October, 2023

Սիրելի հայրենակից՝

Որպեսզի անել ինչ որ բան, հարկավոր է ունենալ նպատակ, ձևակերպել այն որպես խնդիր և լուծել, լուծել համակարգային և համակարգված ձևով, ունենալով հստակ պատկերացումներ ու ձևակերպումներ այն ամենի մասին, ինչի մասին խոսում ենք:

Մեր նպատակն է ձևավորել ամբողջականացված Հայություն իր բնական Հայրենիքում՝ Հայկականության հիման վրա:

Մեր խնդիրն է որոնել, փնտրել, գտնենլ մեր դժբախտությունների իրական պատճառները, ճանաչել մեր իրական վերքերը, ախտորոշել մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն կարող է խոսք լինել բուժումի՝ ինչ անելու մասին:

Իսկ բուժումը միայն և միայն ընթանում է պատճառների վերացմամբ, որը արժեհամակարգային է ու համակարգված:

Իսկ ինչ է Արժեհամակարգը : Արժեհամակարգը ազգերի համար այն արժեքների համակարգն է, որոնք տրված են ի սկզբանէ և որոնց խեղումից կամ ոչնչցումից է կախված ազգերի գոյությունը:

Այդ իսկ պատճառով նախ մեզ համար ճշտենք այն հասկացությունները, որոնք արժեհամակարգի բաղադրիչներն են:

Ազգ

Ազգ բառի արմատը ազ-է, որը հայերենում նշանակում է սերում, ծագում: Ազգերը ազգակցական, արյունակցական ամբողջ¬ություն են, որոնք ունեն գենետիկական որակների ամբողջություն: Ազգերը, լինելով բնական ամբողջություններ, ունեն իրենց ծագումը: Գոյություն ունեն Արիական Ազգեր, Սեմական Ազգեր, Մոնղոլոիդ Ազգեր, Նեգրոիդ Ազգեր և այլն: Այսինքն`ազգերը ունենալով ծագում, բնական կատեգորիա են: Մեզանում որպես «ազգ» բառի հոմանիշ օգտագործում ենք «ժողովուրդ» բառը: Այն «ժողովված» հավաքված իմաստն ունի, ուստի ժողովուրդը պատմականորեն ձևավորված անբնական ամբողջություն է, որը չունի գենետիկական որակների ընդհանրություն : Ժողովուրդը կարող է ձևավորվել ոչ արյունակից, ոչ ազգակից անհատներից: Այն պատմական կատեգորիա է: Ժողովրդի կարող են վերածվել նաև այն ազգերը, որոնք կտրվում են իրենց արմատներից՝ իրենց Արժեհամակարգից: Այսպիսով՝ մասնավորապես Հայ Ազգը և Հայ ժողովուրդը, լինելով որակապես տարբեր ամբողջություններ, ունեն տարբեր արժեքային համակարգեր և առաջնորդվում են տարբեր արժեհամակարգերից բխող օրենքներով: Հայ Ազգը, բնական ամբողջություն լինելով, ունի իրեն յուրահատուկ որակական ամբողջությունը, որակական արժեհամակարգը և դրանից բխող որակական դրսևորումները, հոգեմարմնական գծերը:

Հայ Ազգային որակներն են Հայրենիքը, Տոհմը, ընտանիքը,Արյունը,Լեզուն:

Հայ Ազգային որակական դրսևորումներն են բարոյականությունը, Հավատքը, Պատմությունը, Մշակույթը, Կրթությունը:

- Հայ Ազգի համար հավիտենական Հայրենիքը Հայկական բարձրավանդակն է, միայն որին են հարազատ Հայ Ազգի հոգմարմ¬նական գծերը:

Հայ ժողովրդի համար Հայրենիքը լավագույն դեպքում սահմանափակվում է «պետություն» հասկացությամբ, հաճախ ծննդավայրով կամ ապրելատեղով: Դրա լավագույն օրինակն է Կիլիկիայի Հայկական պետությունը: Ճիշտ է, Կիլիկյան Հայաստանը, ըստ պատմական սկզբնաղբնաղբյուրների, Հայ էթնոսի արեալներից մեկն է, ուր եղել է խուռիտների հիմնած Կեցվատնա պետությունը, այնուամենայնիվ Հայկական Բարձրավանդակի մաս չէ:

- Հայ Ազգային Տոհմերը տոհմական ընտանիքների ամբողջություն են և Հայ Ազգի օրգանական մաս: Նրանք իրենց մեջ խտացնում և պահպանում են ազգային կենսաձևն ու կենսափորձը, փոխանցելով այն հաջորդ սերունդներին: Ունեն իրենց պատմությունը, անցյալը և ապագան:

Հայ ժողովուրդը Տոհմեր չունի, ավելին՝ մերժում է այն, քանի որ պատմության ընթացքում զրկվել է տոհմականությունից, իսկ տոհմականությունից զրկված սերունդները չգիտեն իրենց անցյալը: Ժողովրդի անհատների համար Տոհմը լավագույն դեպքում սկսվում է պապից և սահմանափակվում իրենց հարազատներով և նրանց ընտանիքներով:

- Հայ Ազգային Ընտանիքները Ազգային Տոհմերի բնական, օրգանական մասերն են, որոնք ձևավորվում և ճյուղավորվում են իրենց Տոհմերի ներսում, պահպանելով տոհմական, ազգային որակները, կրելով պատասխանատվությունը դրանց շարունակելիության:

Հայ ժողովրդի մեջ որպես կանոն չի ընդունվում Ընտանիքը որպես Տոհմի, Ազգի սերնդատվության օջախ: Այդ իսկ պատճառով ժողովրդի ընտանիքները պատասխանատվություն չեն կրում պահպանելու առանց այն էլ թույլ, այն ու ամենայնիվ տոհմական, ազգային որակները: Նրանց համար ամուսնությունը Արուի և Էգի պարզ պայմանագրային միություն է, ուր միակ շարժիչ ուժը անհատների աձնական շահերն ու պատկերացումներն են: Դրանք են պատճառները, որ ժողովրդի մեջ շատ են ամուսնալուծությունները, խառնամուսնությունները, ոչ ազգակից անհատներից կազմված ընտանիքները:

- Հայկական Արյուն ունեցողները կարող են ունենալ Հային հատուկ Ազգային որակներ և հենց նրանք են նախանձախնդիր արյան մաքրության պահպանման և, թող բարձրագոչ չհնչի, Ազգի պահպանման, հարատևման և հզորացման գործում:

Հայ Ժողովրդի մեջ բավական շատ են ոչ հայկական, կամ կիսահայկական Արյուն ունեցողները, որոնց մոտ բավականին թույլ է Արյան զգացողությունը, Ազգի և Հայրենիքի զգացողությունը: Այդ իսկ պատճառով դրանց կողմից համառորեն մերժվում է Արյան մաքրությունը, լավագույն դեպքում անուշադրության են մատնվում, էլ չենք ասում արհամարվում և ոտնահարվում են Հայոց Ազգային արժեքներն ու սրբությունները: Սրանց կարելի է ասել հայեր առանց Հայկական Արյան:

- Հայոց Լեզուն, լինելով Ազգային Որակ, անաղարտ պահպանվում և զարգացվում է Ազգային անհատների կողմից: Նրանց պատկերացմամբ Հայոց Լեզուն իր մեջ կրում է սեփական Ազգի պատ¬մու¬թյունը, նրա մշակույթը, նրա աշխարհայացքը, նրա մտածողութ-ունը, նաև լեզվալմտածողությունը և տիեզերակարգը : Նրանք փորձում են գտնել և կիրառելի դարձ¬նել Հայոց Լեզվի արմատական իմաստային օրինաչափությունները: Նրանց համար Հայոց Լեզուն Հայոց Սրբության Սրբոցն է:

Հայ ժողովրդի համար Հայոց Լեզուն միայն հաղորդակցման միջոց է: Նրանց համար այն որքան կարճ և պարզ լինի, այնքան լավ: Այդ է պատճառը, որ ժողովրդի բառապաշարում ավելի շատ օտար բառեր են հնչում քան Հայերեն: Նրանց համար Հայերեն բառերը գաղտնագրված նշաններ են միայն: Նրանց համար չկա և չի կարող լինել Հայկական Լեզվամտածողություն և իմաստաբանություն:

Ահա այսպես տարբերվում են Հայ Ազգի և Հայ ժողովրդի որակական արժեքները: Այդ իսկ պատճառով տարբեր են նաև դրանցից բխող Արժեքային, Որակական դրսևորումները:

- Հայը` որպես Ազգ, որպես բնական տեսակ ունի իր բնական կենս-աձևը`Բարոյականությունը: Որպես Որակական Դրսևորում այն արհեստականորեն չի ստեղծվում, այլ զարգանում է Ազգի Կենսափորձի զարգացման զուգընթաց չկրելով որակական փոփոխություն:

Հայը` որպես ժողովուրդ, չունի յուրահատուկ Կենսաձև, Բարոյականություն: Հայ ժողովուրդը, ենթարկվելով տվյալ ժամանակահատվածում հաստատված օրենքներին, լինեն դրանք կրոնական թե աշխարհիկ, հարմարվում է դրանց պահանջներին, վնասելով այնուամենայնիվ իր մեջ որոշ չափով պահպանված Ազգային Կենսաձևը, Բարոյականությունը:

- Հայը` որպես Ազգ, իր մեջ կրում է իր Հավատքը, Հավատքը իր նախնյաց: Այն զգացողությունն է իր Ծագումի, իր Արյան, իր Մայր Հողի` Հայրենիքի, իր Սիրո և Զորության: Այդ իսկ պատճառով Ազգային անհատները չեն առաջնորդվում որևէ կրոնագաղափարական օրենքներով, այլ բնական օրինաչափությունների զգացողությամբ, իր և իր Ազգի ներուժի հանդեպ ունեցած հույսով և հավատով:

Հայը` որպես ժողովուրդ, չունի Հավատք: Նա առաջնորդվում և ապրում է կրոններով: Կրոնները որպես այդպիսին, ստեղծվում կամ վերանում են պատմության այս կամ այն ժամանակահատվածում, որոնք ինչ որ մեկի ստեղծած ուսմունքներն են: Այդ է պատճառը, որ աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ կրոններ ու այդ կրոնների բազմապիսի դրսևորումներ`աղանդներ, որոնք հաճախ իրար հանդեպ ավելի անհանդուրժող են ու իրարամերժ, քան նույնիսկ տարբեր կրոնները: Դրանով իսկ նրանք պառակտում և ջլատում են ժողովրդի առանց այն ել թույլ միասնությունը`ենթարկելով ու ծառայեցնելով նրան սեփական կլանային շահերին:

- Հայը` որպես Ազգ, ունի իր Պատմությունը, այն իր կենսա¬գրությունն է, իր կյանքի ընթացքը: Նրա յուրաքանչյուր սերունդ Ազգի ապրած կյանքի կրողն է իր մեջ, ըստ այդմ իր ճակատագրի կերտողը, կերտողը իր գիտակցված ներկայի ու ապագայի: Հայ Ազգի սերունդները իրենց ներկան ու ապագան կերտում են՝ ելնելով իրենց Բնական Որակների զգացումից և գիտակցումից, հաջորդ սերունդդներին փոխանցելով նախորդ սերունդներից ժառանգած Ազգային ողջ Կենսափորձը:

Հայ ժողովորդի համար Պատմությունը կենսափորձ չէ, այլ վիճակ է: Նրա յուրաքանչյուր սերունդ, նախորդ սերունդների կյանքի օրինաչափ կրողը չէ: Այդ իսկ պատճառով նրանք ապրում են միայն ներկայով: Նրանք չեն կերտում պատմություն, այլ դառնում են նրա զոհը: Նրա համար Պատմությունը ներկայանում է պատմագրության ձևով, այս կամ այն պատմիչի անձնական կրոն¬ա¬գաղափարական պատկերացումներից կախված, տվյալ ժամա¬նա¬կաշրջանի հաճախ հակասական, կողմնապահ և ոչ անաչառ նկարագրություններով:

- Հայ Ազգի Մշակույթը իր հոգևոր զարգացման օրինաչափությունն է, իր Ծագումի, Կենսաձևի, կենսափորձի, Բնական Հարաբերությունների, հոգևոր վերապրումների արտահայտությունը: Ազգային Մշակույթը լինելով ամբողջական և ինքնատիպ, անհատներից կախված չէ: Անհատ ստեղծագործողները միայն սնվում են նրանից` իրենց արարումը կատարելու համար: Անհատական ստեղծագործությունները Ազգային Մշակույթի անհատական վերապրումներն են: Եվ որքան խորն են դրանք, այնքան այդ ստեղծագործությունները դառնում են Ազգային Մշակույթի օրգանական մաս:

Հայ ժողովուրդը մշակույթ չունի`չնայած ստեղծագործողների որոշակի քանակի: Եվ Հայ ժողովրդի անհատ ստեղծագործողները չունենալով Ազգային Մշակույթ, որպես վերապրելու Արարչական հիմք, հիմնվում են կրոնագաղափարական, նորաձև, հիմնականում օտար ու անբնական հիմքերի վրա, որը և չի կարող մշակութային մի ամբողջություն կազմել:

- Հայ Ազգի Ազգային կրթական համակարգի նպատակը Ազգային սերնդի ձևավորումն է Ազգային Կենսաձևի, Ազգի լիարժեք օրգանական ամբողջության մեջ, նրան փոխանցելու

համար Ազգի ողջ Կենսափորձը, Մշակույթը և սերունդների շարունակելիության օրինաչափությունը:

Հայ ժողովրդի կրթական համակարգը հիմնված է վարժեցման սկզբունքի վրա. վարժեցնել, հարմարեցնել և ծառայեցնել իր անհատներին տվյալ պատմական ժամանակահատվածում գերիշխող կրոնագաղափարական օրենքներին, նորմերին, սկզբունքներին: Այլ կերպ ասած`օրվա պահանջներին բավարարող քաղաքացու ստեղծման վրա:

Որակապես տարբեր լինելով, Հայ Ազգին և Հայ ժողովրդին հատուկ արժեքային համակարգերը, որակական ամբողջությունները և դրանցից բխող որակական դրսևո- րումները, տարբեր են նաև իրենց իղձերը իրականացնելու համար կոչված թերևս լավագույն միջոցներից մեկի՝ պետության և դրա կառուցման հետ կապված պատկերացումները:

Հնագույն ժամանակներից մեզ հասած հիմնականում օտար աղբյուրներից տեղեկանում ենք, որ Հայաստանը համարել են «Աստվածների Երկիր», «Աստվածային Օրենքների Երկիր»: Սա էլ բավական է` եզրակացնելու համար, որ Հայկական Բարձրավանդակում Հայոց ներքին հարաբերություններում հաստատված են եղել Ներքին Որակական Հարաբերություններ, որոնք համապատասխանել են Հայ Ազգի Որակական Ամբողջությանը, նրա Արժեքային Համակարգին, որոնք տրված են ի սկզբանե և կարգավորվել են Աստվածադիր օրենքներով: Այն Բնական Օրինաչափությունների հաստատումն է: Իսկ Բնական Օրինաչափությունները անպատիժ շրջանցել հնարավոր չէ: Եվ դրան համապատասխան Հայ Ազգը ունեցել է իր պետական համակարգը, որին իրավամբ անվանել են Աստվածային Օրենքների Երկիր: Հայ Ազգը ժամանակի ընթացքում կտրվելով իր արմատներից, ապրելով որպես ժողովուրդ, ստեղծել է պետություններ, առաջնորդվելով իր ստեղծած օրենքներով, որոնք հաճախ չեն բխել Հայ Ազգային Որակներից, Բնական Օրինաչափություններից:

Ներքին հարաբերությունները կառուցվել են անհատ-անհատ, անհատ-պետություն, անհատ-եկեղեցի չափանիշներով, որոնք կարգավորվել են որոշակի օրենքներով, և փաստորեն ապահովել են իշխողների սկզբունքների պաշտպանությունը: Եվ քանի որ ժողովրդի ճակատագիրը մեծապես կախված է եղել մեկ կամ մի քանի անհատներից, ստեղծված պետություններն էլ պահպանել են իրենց գոյությունը կամ կործանվել են, կախված այն հանգամանքից, թե այդ անհատները ինչ հարաբերությունների մեջ են գտնվել իրար հանդեպ, կամ ինչ անձնական որակներ են ունեցել: Եվ միշտ ստեղծվել են հարաբերությունների երկու բևեռ` իշխողներ և իշխվողներ, գործող օրենքներից վեր և օրենքի ճնշման տակ գտնվողներ, դատողներ և դատվողներ, պատժողներ և պատժվողներ: Եվ իշխանության ու իրենց կողմից ստեղծված օրենքների փոփոխությունը առաջ է բերել միայն այդ երկու բևեռների միջև դերերի փոփոխություն: Նախկին դատողը դառել է դատվող, նախկին դատվողը դատող, նախկին առաջնորդը ոճրագործ է դառել, իսկ նախկին ոճրագործը առաջնորդ, իսկ հարաբերությունների բնույթը մնացել է նույնը:

Տրամաբանորեն և որակապես տարբեր են նաև իրականում իրենց ներքին Ազգային օրենքներով ապրող Ազգերի և ժողովուրդների կողմից ստեղծված երկրների իրականացրած արտաքին հարաբերությունները: Ազգային երկրները իրենց արտաքին հարաբերությունները իրականացնում են իրենց Ազգերի Բնական Դերի գիտակցմամբ`կարգավորվելով իրենց որակական դրսևորումներով և դրանցից բխող նպատակամղված գործողությունների իրականացմամբ: Ժողովուրդներն իրենց արտաքին հարաբերությունները կառուցում են կենցաղային շահերի հակամարտության, կողմնորոշումների, հաճախ ստիպողական և պարտադրված ճնշումներին այս կամ այն կերպ հարմարվող արտաքին քաղաքականությամբ: Ամփոփելով ասվածը` կարծում եմ հիմնականում տրվեց Ազգի և Ազգայինի ու ժողովրդի և

ժողովրդականի միջև գոյություն ունեցող որակական տարբերությունները: Եվ միանգամայն անհասկանալի է մեզանում հաճախ օգտագործվող և հոլովվող ու ոչինչ չասող «ազգային ժողովրդավարություն» բառակապակցությունը:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Հայրենիքը`որպես Աստվածություն, իսկ Հայրենասիրությունը՝ որպես Կրոն պիտի քարոզվի մեզանում, ինչը պիտի ներկայացվի կրոնական երկյուղածությամբ ու անսահման սիրով: Մենք այսօր հեռուստատեսությամբ, մամուլով և այլ լրատվամիջոցներով ականատեսն ենք մեր քաղաքական այրերի, մտավորականների ելույթներին, որոնք խոսելով Հայոց Սրբություններից, Ազգային Արժեքներից, այնպես են ներկայացնում, կարծես խոսում են Նժդեհի խոսքով`Սահարա անապատից: Այո՛, բացարձակ ճշմարտություններն անգամ կարիք ունեն զգուշորեն ու սիրով ներկայացվելու: Լսենք Նժդեհին:

«Հայաստան, քեզ սիրտը ծնաւ – դու ապրում ես սրտերի մէջ եւ ջերմաջերմ սրտերի շնորհիւ միայն: Գուցէ եղել են եւ անսիրտ խելոքներ, որ սիրել են քեզ, բայց նրանք չեն խաչւել, չեն մեռել քեզ համար: Հայրենիքի համար մեռնում է, հերոսանում մեծ սրտի տէրը միայն»:

«Հայրենասիրութիւն – մարդկային առաքինությունների թագն ու պսակն է դա: Մարդկային բարոյական յատկութիւնները իր մեջ միացնող այդ գերագույն առաքինութիւնն է, ազգերի գոյութեան անհրաժեշտ պայմանը եւ անսպառ աղբիւրը նրանց ոյժի եւ մեծութեան: Նա այնքան ջերմ է մի ժողովրդի մէջ, որքան փոքր է այդ ժողովուրդը եւ որքան ամբարիշտ են նրա հարեւանները: Եթե այդպես չէ ամենուրեք, այդպես պիտի լինի»:

Ահա այսպես պիտի մատուցվի Հայրենիքը և Հայրենասիրության զգացումը Հայ սերունդների մեջ: Թե ինչպիսի հայրենիք կունենանք վաղը` ասում է Նժդեհը. «Ինչպիսին, որ կառուցվում է այսօր մեր մտքի և հոգու մեջ»:

ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ

Հայ ընտանիքի կայացման , կերտման համար անհրաժեշտ է՝

Հայրենապաշտական դաստիարակություն – ահա մեր

փրկության խարիսխը: Ահա թէ ինչու հայրենասիրութեան, չէ հայրենապաշտութեան-մարդկային առաքինությունների այդ աստւածային մոր համար պէտք է ջահ բարձրացնել մեր հոգիների մեջ, մեր դպրոցներում, մեր ընտանեկան հարկի տակ, մեր գաղթականական վրանների տակ , ամեն տեղ, ուր կապրի, կշնչի հայ մարդը:

Հայրենասիրությունը-միայն ոչ որպես գեղեցիկ խոսք, այլ զգացում և գիտակցություն, ոչ որպես շրթունքի սեր, կամ գաղափարազուրկ խուժանավարի բարոյական մերկությունը ծածկող գեղեցիկ պատմուճան, այլ` պաշտամունք, կրոն: Եվ ահա թէ ինչու պէտք է կեղծ ու մոլար հայտարարել բոլոր կրոնները, բարոյականները, սկզբունքները, որոնք չեն դարբնում կուռ կամքեր, ուժեղ նկարագիրներ, արիներ, որոնց չգոյութիւնը ազգերին հաճախ է ստիպում դիմելու իրենց թշնամիների մեծահոգության: Այս և մնացած բոլոր հարցերում արիության պատգամախոսները պիտի դառնան հայ մտավոր եւ հոգևոր կյանքի բոլոր ղեկավարները`

ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Նախ բանաստեղծը չէ մտավորական, նկարիչը չէ մտավորական, գիտնականն ու ճարտարագետը չէն մտավորական, այլ մտավորականը կարող է լինել բանաստեղծ, նկարիչ, գիտնական, ճարտարագետ, ուսուցիչ...: Նժդեհի խոսքերով`ժողովրդի դարբինն է մտավորականությունը, նրա ճակատագրի կերտողը: Նրանից է կախված երիտասարդ սերնդի և ոչ միայն նրա, դաստիարակության, կրթության, նրա կազմակերպման ու շարժման մեջ դնելու սրբազան

պարտականությունները, նաև իրավունքները: Իսկ իրավունքները հարկավոր է նվաճել, նվաճել իր իսկ կոչմանը` Մտավորականին արժանանալով:

Սերնդի դաստիարակման գործում «Ցեղաճանաչ են օրվա մեր ուսուցիչները»- հարցնում է Նժդեհը, ասելով.

- Գոյութիւն չունի եւ չի կարող ունենալ կրթական ընդհանուր իդէալ: Ամեն ժողովուրդ իր կրթական իդէալն ունի, որ բղխում է իր ոգուց եւ կարիքներից: Հայ դպրոցը չգիտէ, չգիտէ ամենէն էականը, որ հող թէ հոգի մշակելու եւ նրանց տիրելու համար նախապայման է նրանց խորապես ճանաչելը:

ՄԱՄՈՒԼԸ

- Նրա պարտականությունն է-խտացած ճշմարտություններ տալ ժողովուրդին:

- Նպատակը-այս ճշմարտություններով լուսավորել ժողովուրդին դեպի ապագան:

Այն անիմաստ, փոխադարձ լուտանքներով շաղախված նեղսիրտ ու իրարամերժ հոդվածների, անսիրտ ու չոր լրատվությունների փոխարեն պիտի ախտանիշի, վերգնահատումների ենթարկի մեր գիտցած «ճշմարտությունները», կռահի երկրին ու ժողովրդին սպառնացող վըտանգները` նորանոր արմատական լուծումներ մշակելով ու առաջ քաշելով:

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

- Հրամայողաբար պիտ հոգեփոխվեն նաև կուսակցությունները մասնավորապես:

Կուսակցամոլությունը որպես մեծագույն չարիք պիտի արմատախիլ արվի մեր քաղաքական այրերի ու կուսակցությունների գործելաոճից: Իսկ նրանց դերը հիմնականում պիտի լինի ժողովըրդի կազմակերպման մեջ, համազգային և համապետական խնդիրների լուծման շուրջ` առաջնորդվելով Ազգային Բարոյականին համապատասխան չափանիշներով և գաղափարներով:

- Հասկանանք, վերջապէս, քանի ուշ չէ, հասկանանք, որ հայը պատճառ չունի կուսակցականանալու: Իսկ մեր ժողովրդի թուական տկարութիւնը, մեր հայրենիքի աշխարհագրական դիրքը եւ երէկվա մեր Եղեռնը կըբաւեն գիտակցելու, որ հայը կուսակցականանալու նաեւ իրավունք չունի:

ԵԿԵՂԵՑԻՆ

Հայոց պատմության քրիստոնեական ժամանակաշրջանում Հայաստանյայց եկեղեցու դերը Հայ Ազգի ճակատագրում եթե չասենք ճակատագրական, ապա վճռորոշ է եղել: Այն հաճախ, Հայկական պետականության բացակայության պայմաններում, ստանձնելով ղեկավարողի դերը, առաջնորդել է Հայ ժողովրդին: Եկեղեցու մենաշնորհն է եղել Հայ ժողովրդի կենցաղային, առօրյա կյանքին, կրթության և դաստիարակությանը վերաբերող խնդիրների տնօրինումը: Ուրեմն և մեծ պատասխանատվություն է կրում Հայ ժողովրդի ճակատագրում: Այսօր էլ նա կատարում է իր դերը, առանց վերագնահա¬տումների ենթարկելու իր ղեկավարած ժողովրդի և իր իսկ պատմությունը:

- Դա վերագնահատումի պիտի ենթարկէ քրիստոնէական սիրոյ իր սխալ ըմբռնումը, որպեսզի դադարի թուլութիւնը առաքինութիւն համարել եւ սպանել մեր ժողովուրդի կամքը:

- Սխալ է ըմբռնել դա քրիստոնեական սիրոյ խորհուրդը եւ դրա հետեւանքով ամբողջ դարեր պատճառ դարձել մեր ժողովուրդի անօրինակ ողբերգութեան:

Այսօր էլ ունկնդրելով մեր եկեղեցու այրերի քարոզներին, որոնք վերաբերում են հիմնականում հրեա ժողովուրդի երկու հազար տարի առաջվա պատմությանը, ակամայից

մտածում ես, մի՞թե նրանց համար այդպես էլ պարզ չդարձավ, որ եթե Հայը դադարի իր գոյությունը, քրիստոնեության հետքն անգամ չի մնա Առաջավոր Ասիայում:

- Ինքնապաշտպանութիւնը հայ ժողովուրդի – ահա Հայ եկեղեցւոյ նոր հաւատամքը:

Ավետում է Նժդեհը:

Քրիստոնեական արժեքների հետևորդները անպայման կասեն որ մենք պարտավոր ենք պահպանել այս արժեքները, որովհետև դրանք մեր ժողովրդի ծոցից են դուրս եկել, որոնք մեր 1700 տարվա ավանդույթններն են և այլն:

Այստեղ տեղին է մեջ բերել Նժդեհի հատու և վճռական խոսքը, թեև այն ավելի շատ վերաբերում է մեր քաղաքաքական գործիչներին:

- Ես պահպանողական եմ, երբ վտանգ կա փողոցային անարխիայից, հեղափոխական` երբ հանրային մտածողության ու կյանքի քարացում կա:

- Կրօնաշունչ է, ընդհանրապէս, կեանքի մասին իդեալիստական ըմբռնում ունեցող ամէն մարդ: Նա, ով ընդունում է Աստծոյ գոյութիւնը` ընդունում է նաեւ իր պարտականութիւնը հանդեպ գերագոյն իրականութեանց - Ազգ, Հայրենիք, Պետութիւն:

Ասել է թե ծառայել սեփական Ազգին և ոչ ուրիշի, սեփական Հայրենիքին և ոչ ուրիշի, սեփական պետությանը և ոչ ուրիշի:

ԱՌԱՋՆՈՐԴԸ

- Առաքեալի սիրտ, իմաստասէրի գլուխ, ադամանդ ճակատ-ահա կատարեալ առաջնորդը:

Այս երեք բառերի խորը ընկալումով և ձգտումով դեպի այդպիսինը պիտի առաջնորդվեն մեր քաղաքական և պետական ղեկավարները: Ճակատագրորեն նրանց է տրված` կրելու սեփական ժողովրդի հաջողությունների ու հաղթանակների դափնիներն ու վայելելու անհաջողութ- յունների ու պարտությունների դառը պտուղները:

Չկայ կատարեալ առաջնորդը,- ասում է Նժդեհը,- եվ արտաքին վտանգը դառնում է աւելի ահաւոր, եւ դրա համար էլ թշնամու հարուածը պիտի լինի աննախընթացօրեն մահառիթ:

Նրանց անձնական երջանկության վարդապետությունը թշնամին է մեր Ազգի, Ցեղի հավաքական երջանկության: Այսօրվա և վաղվա առաջնորդներն և ոչ միայն նրանք պիտի ուսանեն նախ Մարդ լինելու, ապա Հայ մարդ լինելու արվեստը` իրենց ձեռքում ունենալով Ազգի, Բարոյական Օրենսգիրքը, ապա`մյուս ձեռքում աշխարհում գոյություն ունեցող ճարտարվեստների նորությունները և նրանց յուրացնելու կարողությունը:

- Այսպիսին պիտի լինի վաղուայ առաջնորդը, որպեսզի նրա օրով արմատօրէն հոգեփոխուի հայ մտաւորականութիւնը, որպէսզի հայ գործիչը մերկանայ իր Ես-էն`անանձնականանալու աստիճան, որպէսզի հասարակական ծայրահեղութիւնը ընդգրկի գործչի բովանդակ կեանքը:

- Հայ մականը, սուրը եւ գրիչը կըգտնուին կարող եւ սրբամաքուր ձեռքերի մեջ,- պատգամում է Նժդեհը:

ԸՆՏՐԱՆԻՆ

Նժդեհի ձևակերպմամբ այն «Երկրի աղը»-ն է: Ոգու ծնունդ` դա է ապրեցնում մարդկային ոգին: Կրողը սրբութեան, հերոսականի եւ հոգեւոր գեղեցկութեան զգացումների:

- Նրանն է կոչումներից ամենասրբազանը, պատասխանատուութիւններից ամենամեծը: Ազգերը մի հատիկ ճշմարիտ ազնուականութիուն ունին – դա էլ ընտրանին է: Նրա միջոցով են բարձրանում եւ նրա հետ են ընկնում ազգերը: Առաջնահերթ և կարևորագույն խնդիրներից է հենց Հայոց ընտրանու, նրա Բարոյական կերպարի կերտման հրամայականը: Նրա

գոյությամբ և կենդանի օրինակով է շարժվում ժողովուրդը: Նրա կատարած փոքրինչ սխալից անգամ, քանդված կարելի է համարել ժողովրդի հավատքը, համարումը, բարոյականը:

- Օրգանապէս ապաքաղաքական է ընտրանին, որով` բացար¬ձակապէս անկուսակցական պիտի լինի դա: Շեղուեց իր կոչումէն-ժողովրդի անկումը դառնում է անխուսափելի:

ԲԱՐՈՅԱՇՈՒՆՉ ՄԹՆՈԼՈՐՏ

Հարց է ծագում, իսկ ինչպե՞ս, որտեղի՞ց պիտի գտնել, հայտ¬նա¬բերել նման բարձր բարոյականություն և հոգեկերտվածք ունեցող մարդկանց, մտավորականների:

- Կա բարոյական մթնոլորտը, ուր, ինչպէս և մեզ շրջապատող մթնոլորտում, տեղի են ունենում մակընթացութիւններ ու տեղատվություններ մտքերի, գաղափարների, զգացումների, որոնք շնչում է մարդս, յուրացնում և փոխանցում իր նմաններին: Վսեմ ու ազնիվ գաղափարներով լցնենք այդ մթնոլորտը-գաղափարներ, որոնք սրբեին, մաքրեին մեր կյանքը, արի եւ առաքինի դարձնեին մեզ, մեծ և փառահեղ գործերի մղեին մեզ: Գաղափարներ, որոնք հակաթույն լինեին բոլոր տեսակի անբարոյացուցիչ եւ քայքայեցուցիչ ազդեցությունների դեմ: Գաղափարներ, որոնք փրկել ու փրկում են անհատներն ու ժողովուրդները բարոյական նեխությունից:

Կստեղծենք, կունենանք բարոյաշունչ մթնոլորտ, մեր իսկ ծոցից կծնվեն Առաջնորդներն ու Մտավորականները, Ղեկա¬վար¬ներն ու Զինվորականները, տասնյակներով, հարյուրներով ու հազարներով:

ԴԱՍՏԻԱՐԱԿԻՉ ՏՈՆԵՐ

- Տօները անկասկած կըլինեն միաժամանակ եւ ամենահաճելի կապը եղբայրութեան եւ ամենաուժեղ միջոցը վերածնութեան:

Համազգային ու համապետական նշանակություն ունեն Ազգային ու պետական տոները, որոնք կոչված են համախմբելու, իմաստացնելու և հոգեկան լիցք հաղորդելու հանրությանը` նրանց վարակելով Հայրենասիրության ու Ազգասիրության կազդուրեցուցիչ շնչով: Ազգային տոները պիտի տոնվեն իրենց խորհուրդների խորը ընկալման գիտակցությամբ, իսկ պետական տոները` դրանց համազգային նշանակության ոգեկոչմամբ և դրանց ու պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքով ու ակնածանքով:

- Թող բոլորը ճգնեն արծարծել ազնիւ զգացումներ - հրապոյրն ու զարդը մարդկային կեանքի-ազատասիրական ոգեւորութիւն, հայրենասիրութիւն:

ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ աշխատանքներ ու միջոցներ պիտի գործի դրվեն, իրականացնելու համար այն երազանքները, որոնց մասին խոսում ենք: Միջոցների միջոցը ու զենքերի զենքը եղել է ու մնում է նպատակամղված, լայնածավալ, մեթոդական ու մշտական, իմաստուն քարոզչությունը: Ինչո՞վ են զբաղված այսօր մեր լրատվամիջոցները, թերթերը, հեռուստատեսությունը: Մի քիչ մերկ լրատվություն, մի քիչ հայհոյանք միմյանց հասցեին, մի քիչ էժանագին նաև ցինիկ հումոր, մի քիչ անորակ և անդեմ երաժշտություն, մի քիչ ինտելեկտ և շատ քիչ անսիրտ ու անհոգի հայրենասիրություն: Իսկ եթերը ողողված է անբարոյականություն ու աղտեղություն տարածող անվերջանալի ու բազմապիսի սերիալներով: Եվ այս ամենը իրականացվում է ոչ միայն վերջիններիս նախաձեռնությամբ, այլ հիմնականում դրսի պատվիրատուների պնդմամբ ու հորդորներով: Արդյունքը մեր աչքերի առջև է: Փոխադարձ անհանդուրժողականություն ու ատելություն, սեփական կարողությունների նկատմամբ բարդույթի զգացում, Ազգային արժեքների նկատմամբ թերզգացում և օտար արժեքների գերագնահատում:

Հիշենք, որ մարդկության պատմությունը, նաև գաղափարախոսությունների և նրանց հակամարտությունների, արդյունքում դրանց հաղթանակների ու պարտությունների

պատմություն է: Եվ հիմնականում այն ազգերն ու երկրներն են հաղթել, որոնք կարողացել են կերտել իրենց աշխարհայացքին և իրենց նկարագրին համապատասխան ուսմունքներ, դրանց համապատասխան կրթելով նախ իրենց ժողովուրդներին և դրանից հետո պարտադրաբար արտահանելով իրենց գաղափարները կարողացել են տիրանալ ու իշխել օտարներին: ժամանակավոր, բայց տևական հաղթանակների են հասել նույնիսկ այն ժողովուրդները, որոնք ստեղծել ու քարոզել են ուսմունքներ ոչ իրենց համար և ոչ իրենց երկրներում:

Նժդեհի ձևակերպմամբ քարոզչություն, ասել է`ինքնահայտնաբերում, ինքնաներկայացում: Այն ամեն բանից առաջ, պահանջում է ինքնահարգանքի խոր զգացում` ծնունդ սեփական արժեքների և արժանավորության գիտակցության, մի հոգեվիճակ, որ հայ մարդու մեջ կստեղծե միայն վերանորոգումը: Մենք պարտավոր ենք վերախմբագրելու նույնիսկ այն ամենը, ինչը թվացյալ կարելին է, թվացյալ բարոյականը ու թվացյալ ազգայինը:

Իսկ ովքե՞ր պիտի իրագործեն այս ամենը: Այլ կերպ, ովքե՞ր իրավունք ունեն և պիտի լինեն այսօրվա և վաղվա քարոզիչները: Այդ առաքելությունը իր վրա պիտի վերցնի հիմնականում Ներցեղային Բարոյականով առաջնորդվող Հայ երիտասարդությունը, ով պիտի հավատա և հավատարիմ մնա իր առաքելությանը ինչը նշանակում է ամեն օր, ժամ, վայրկյան հպարտանքով լսել այն սրբազան ձայնը, որ զրնգում է իր արյունի մեջ և ասում.

- Ես Հայ եմ և յոթնիցս հպարտ եմ, որ Հայ եմ: Ես իմ Ցեղի զավակն եմ, և օտարության մեջ իսկ, Ցեղակրոնության շնորհիվ իր կաթը կծծեմ:

Իսկ նշանաբանը պիտի լինի. Նոր Ցեղակից գտնել ահա մի գործ, ուր հոգնել չգիտի Ցեղակրոնը(Ցեղակրոն նշանակում է կրել Ցեղային՝ Ազգային արժեքները, որը մեր դասական պատկերացմամբ կրոնի հետ կապ չուի):

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես յուրաքանչյուր ազգի, այնպես էլ Հայ Ազգի ներկան ու ապագան գտնվում է հենց իր երիտասարդության ձեռքերում: Ճակատագրական է ամեն մի նոր սերունդ: Եվ մեծ է յուրաքանչյուր սերնդի պատասխանատվությունն ու դերը`Ազգի ու Հայրենիքի ճակատագրի կերտման Առյուծի Բաժինը: Եվ եթե յուրաքանչյուր սերունդ իր հերթին չգիտակցեց այս, չկրեց ու չտարավ իր խաչը և դրանով հանդերձ չգերազանցեց իր նախորդ սերունդներին, ապա ինքը կդառնա նախ իր ճակատագրի, կրկնում եմ, իր ճակատագրի, ապա իր Ազգի ու Հայրենիքի կործանման պատճառը: Իհարկե յուրաքանչյուր ժամանակաշրջան իրեն յուրահատուկ խնդիրներն է առաջադրում տվյալ սերնդին: Այն խմբագրում է հասարակական կյանքին վերաբերող շատ օրենքներ, բայց անկարող է այդ անել բնության ու կյանքի օրենքներում և օրինաչափություններում:

- Պայքարն է կեանքի օրենքը, պայքարը որպէս միջոց անհատի եւ ցեղերի ինքնակատարելագործութեան:

- Ոչինչ այնքան չէ տկարացնում ազգերի պայքարունակութեան ոգին, որքան այն աղէտալի յոյսը, թէ իրենց ճակատագիրը բարւոքողը սեփական ճիգերը չեն, այլ` ինչ-որ արտաքին ոյժեր:

- Մարդը որպէսզի իրեն զգայ ու տեսնի մի իդէալ միջավայրում-փնտրում է կատարեալը, նա հիանում է գեղեցիկին, վսեմին, զօրեղութեան վրայ, ցանկանալով նրանց յաւերժացնել կեանքում: Իսկ պարսաւում է տկարը, տգեղն ու անկա¬տար¬եալը, ձգտելով նրանց վերացնել, արտաքսել կեանքից:

Նաև անընդհատ ինքնահղկումի և ինքնակատարելագործումի մեծ պարտավորություն ունի յուրաքանչյուր երիտասարդ սերունդ, ինչն իրականացնելու համար հոգևոր, իմաստասիրական ու գործնական ինքնատիպությամբ է առաջնորդվում Հայ երիտասարդը:

ԸՆԿԵՐԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ

Նորություն չէ, որ ինչպես երեկ, այսօր էլ շատերիս մեջ ձևավորված է արագ և մեծ հարստությունների տիրացած հաջողակ ձեռներեցի, կամ օլիգարխի իդեալը, որին ձգտելու և նմանվելու փափագով են տոգորված նաև ժամանակակից երիտասարդության զգալի մասը: Ասածիցս թող չհասկացվի այնպես, որ մերժում ենք ձեռներեցներին ու գործարար մարդկանց գոյությունը, մանավանդ այն անհատների, ովքեր իրենց կարողություններին հասել են սեփական ազնիվ աշխատանքով, իրենց խելքի ու կամքի շնորհիվ: Հայ Ազգի հետ օրգանական կապ չունեն այն մարդիկ, որոնք չունենալով ոչ մի սրբություն, այդ ամենին հասնում են սեփական երկրի թալանի ու սեփական ժողովրդի մի մասին աղքատության մղելու, այն օրինականացնելու անբարոյական ճանապարհով: Իր մերձավորին փշրանք նետելով և իրեն հռչակելով «բարեգործ», իսկ իր արածը բարեգործություն:

- Ապրելու եւ անկաշկանդ կատարելագործուելու իմ բնական իրաւունքը պայմանաւորում է իմ սեփական պարտականութեամբ` յարգելու նմաններիս նւյն իրաւունքը: Հավասարապես հակաընկերային են այն անհատներն ու ընկերային խաւերը, որոնք ասում են իրենց մասին` «Ես ամեն ինչ եմ» կամ `«Ես ոչինչ Եմ»: Ազգերի կեանքում միայն մեծ ամբողջն է «ամեն ինչ» եւ ոչ ոք իրաւունք ունի լինելու «ոչինչ»:

ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐԸ

Նախ Սփյուռքի թվական հզորությունը ենթադրում է Հայաստանի ֆիզիկական թուլություն իսկ արտահաղթտ՝ ահագնացող վտանգ:

Երկրորդ - Սփյուռքի, նրա հոգեբարոյական վիճակի թյուր ըմբռնումը առաջ է բերում նաև գործողությունների և ծրագրերի անտրամաբանական խառնաշփոթ: Սփյուռքը մեզ ներկայանում է հոգեբարձուների, բարերարների ու բարեգործների ստերեոտիպի տեսքով, որի դերերից մեկն է դրամահավաքների և դրա հետ կապված շոուների կազմակերպումը, իսկ մյուսը՝ Հայ Դատի խնդրի արծարծումը այս կամ այն երկրների վերին ատյաններում: Մենք պետք է հիշենք, որ սփյուռքահայությունը նախ և առաջ Հայ Ազգի Գենոֆոնդի մեծ մասի կրողն է իր մեջ, կրողը նրա որակների ու արժեքների: Եվ սփյուռքահայության կորուստը համահավասար է Ազգի կորստին, կամ կորստյան մատնելուն: Մարդկային սփյուռքից բացի մենք ունենք նաև Հայ Ազգի ստեղծած Արժեքների սփյուռքը տարբեր երկրներում, որը ստեղծվել է Հայ մտքի ու Բազկի շնորհիվ: Այս գիտակցությամբ, ինքնազգացողությամբ է հնարավոր դիմագրավել օտար միջավայրերի ապազգայնացնող ազդեցությանը և նրբանկատորեն պետք է վերաբերվել Սփյուռքին ու սփյուռքահայությանը, տարբերություն չդնելով քրիստոնյա է նա թէ մահմեդական, ուղղափառ է թէ կաթոլիկ:

Հաջորդը – Ապրելով տարբեր երկրներում և գտնվելով տարբեր ազգերի բարոյամշակույթային ազդեցությունների ներքո սփյուռքահայության դեռևս չուծացված մասերը սկսում են իրարից այնքան տարբերվել, որքանով որ հենց այդ ազգերը: Չխոսելով այդ տարբերությունների մասին` ավելացնենք, որ հաճախ հայտնվելով տարբեր ազգերի հակամարտության շրջապտույտների մեջ, բախ¬ման մեջ են հայտվում նաև հայության այդ մասերը: Մեր աչքի առջև են լիբանանյան, Իրան-իրաքյան, ինչպես նաև վրաց-աբխազական հակամարտության հետևանքով հայտնված Հայության ճակատագրերը:

Սփյուռքահայությունը մեկ գործնական խնդիր պիտի լուծի`.

Դարձ դեպի Երկիր –Մեր պետության դերը պիտի լինի հիմնականում հայրենադարձության հետ կապված խնդիրների լուծումը հատկապես ազատագրված ու ազատգրվելիք տարածքներում:

Իսկ սփյուռքահայության կարգախոսը պիտի լինի - Հայաստանից դուրս, սփիւռքի մեջ, ինչ վիճակում էլ որ լինեմ` մեծահարուստ թէ օրավարձով աշխատող բանուոր, անդարձ պանդխտութիւն չեմ համարեր տարագրի կեանքս:

Չէ', չէ' , վերադարձ կայ:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ Զորականի Ավետարան պիտի լինի մեր քարոզչությունը: Հայ Զինվորի Ոգու, Բարոյականության, կամքի ու կարողությունների, նրա բազկի ուժի, Հայրենասիրության ու Ազգասիրության մեծ զգացումի ուսմունք ու քարոզչություն է այն: Այն Հայ Զինվորի մեջ իր էներգետիկ ուժականությամբ պիտի բացի, զարթնեցնի ու հասու դարձնի տակավին անիմանալի այնպիսի զգացումներ, որոնք նրան դարձնում են մահն իր մեջ հաղթահարած, վախն արհամարհող, ինքնազոհաբերումի պատրաստ, ասպետականության գերագույն դրսևորմամբ անահատականություն: Այն Հայ Զինվորին պիտի ուսուցանի հաղթել թշնամուն, բայց նաև մարդկայնության և մեծահոգության մղի նրան: Ուսուցանելով մշտապես թշնամուն գերազանցելու հոգեբանական ու ռազմական արվեստներին, պիտի պահանջվի Հայ Զինվորից չկորցնել Մարդ լինելու աստվածային կոչումը:

Ազգ Բանակ

Շատ ենք խոսում Ազգ-Բանակից, առանց պատկերացում ունենալու, որ զինված մարդը դեռևս զինվոր չէ, իսկ զինված մարդկանց խումբը` բանակ: Հայությունը կարո՛ղ է ու պարտավո՛ր վերածվելու Ազգ-Բանակի, երբ յուրաքանչյուր Հայ եթե Զինվոր չէ՛, որը մասնագիտություն է, ապա Մարտիկ է՛, որը բնավորության գիծ է, եթե դա էլ ոչ, ապա պիտի լինի Ռազմիկ, որը հոգեվիճակ է, հոգեվիճակ` Ազնվականի: Ջութակահարը կարո՛ղ է լինել Ռազմիկ, եթե նրա մեջ կզարդնի Հայկականությունը: Միևնույն մարդը կարող է օժտված լինել մեծագույն, բայց քնած Ոգով ու ապականված հոգով: Քնած Ոգին ընդունակ է զարթնելու, իսկ ապականված հոգին` կրթվելու: Հայը նախ Ոգի է, հետո նոր հոգի`Կերպար: Ահա և Հայության զարթուն Ոգու և կրթված հոգու ամբողջականությունն էլ հենց Հայկականությունն է: Հայկականությունն է այն խարիսխը, առագաստն ու ղեկը, որը կառաջնորդի մեր Ազգի, Հայ Ազգակերտման անվերջանալի ընթացքը, մարդկության պատմության անծայրածիր օվկիանոսում:

- Հայ երիտասարդություն, վաղը, երբ թրքությունը փորձեց պղծել Հայրենիքիդ սահմանների սրբությունը, պիտ կարողանա՞ս ավելի սարսափելի լինել, քան թշնամին: Պիտի կարողանա՞ս վագրային կեցւածք ցուցադրել:

Պատասխանի'ր պիտ կարողանա՞ս:

ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ

Պատմության քառուղիներում Հայ Ազգի թշնամիների հետ ձեռք ձեռքի տված իր չարակամ ու արյունալի դերն է կատարել մեր ներքին թշնամին` Ցեղի տականքը: Հաճախ նրա հասցրած վնաս¬ները ավելի ճակատագրական են եղել, քան մեր թշնամիների բազմահազարանոց բանակները: Նրանք միշտ էլ հանդես են եկել Հայի կերպարով, Հայի անունից և Հայոց Լեզվով: Նրանք, լինելով Ազգային ինքնագիտակցության ու ինքնահարգանքի զգացումից զուրկ, համարձակ ու ակտիվորեն գլուխ են բարձրացնում հատկապես պատմության մեջ մեր Ազգի համար բախտորոշ խաչմերուկներում: Նրանց անզեն աչքով կարելի է տարբերել մեզանում, նայելով նրանց արտաքինին, պահվածքին և կատարած գործերին: Նրանց ներկայությունն անգամ բավական է,

որպեսզի բարոյալքի բանակը, հոգեփոխի մտավորականին, կաթվածահարի աշխատավորի սովորական աշխատանքը:

Բոլոր ժամանակների և բոլորիս համար է ասված խոսքը Նժդեհի`

- Քո անողոք դատաստանին յանձնելով սեւ արարքներն այդ տականքների, որոնք տմարդօրեն թոյն ու քացախ կ’աւելացնեն մեր` քաղաքականապես դժբախտ ժողովրդին խմելու վիճակւած դառնադառն բաժակին, զայրույթի եւ զզւանքի իմ խօսքը կ’ուղղեմ ոչ’ թե բռնութեան, այլ իր հայակերպ գործիքներին:

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Հայրենիքի եւ հայրենասիրութեան թշնամին աշխարհաքաղաքացին է` կոսմոպոլիտը – ասում է Նժդեհը:

Օտարամոլության տարատեսակ էր այն երեկ և այսօր, այսօր արդեն համաշխարհայնացման (գլոբալիզմի) տեսքով: Սրանց քարոզիչները, խոսելով այս, նաև այլ բաներից, որոնք են եվրոպական, համաշխարհային արժեքները և այլն, Նժդեհի բառերով ասած` փորձում են իրենց հոգու այլանդակությունները քողարկել այս կամ այն մոլար տեսությամբ, այս կամ այն ուռուցիկ և գեղեցիկ խոսքով: «Մերը պիտի չսիրե՞լ,- հարցնում է Նժդեհը,- որովհետև պետք է սիրել և օտարի՞նը: Մի մասը պիտի չսիրել, որով¬հետև սիրում ենք ամբողջությու՞նը»: Թվարկված գաղափարախոսություններից, նրանց քարոզած արժեքներից տակավին անտեղյակ ու դրանց հետևող մարդիկ անընդունակ են հասկանալու, որ իրենք ավելի շուտ եսասեր են քան այլասեր և դրանով իսկ վտանգավոր` վտանգավոր նախ իրենց, ապա շրջապատի համար, Իսկ գլոբալիստները մեզանում կազմում են հինգերորդ շարասյունը:

Հարկավոր է հեռու մնալ սրանցից և պայքարել սրանց դեմ սեփական արժեքների խորը ընկալումով ու յուրացմամբ:

ԱՆՀԱՏ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Մեզանում ամենուր կարող ենք լսել հետևյալը`.

- Ինչ է տվել մեզ այս պետությունը, որ մենք էլ տանք նրան:

- Երբ որ իշխանավորները կկռվեն, իսկ նրանց երեխաները կծառայեն բանակում, մենք էլ կկռվենք ու մեր երեխաներն էլ կծառայեն բանակում:

- Մեկ է սա երկիր չի դառնա, ավելի լավ է թողնենք գնանք այս տեղից:

Հասկանալով հանդերձ նման հոգեբանություն և գիտակցություն ունեցող մարդկանց, այնուամենայնիվ սրանց անվանում են չարչի առևտրականի հոգեբանությամբ «հայրե- նասերներ»: Նրանց հայրենասիրությունը իրենց հացի, ստացածի չափ է, այսինքն`կտան այնքան, ինչքան ստանում են: Իրականում սա պղծումն է «Հայրենասիրություն» հասկացության: Այսպիսի մտածողությամբ ու հոգեբանությամբ նաև պետական պաշտոնյաների ու մեծահարուստների կարելի է հանդիպել, որոնցից շատերը ոչինչ ունեն տված մեր երկրին ու ժողովրդին: Ահա այս տեսակը նաև խիստ վտանգավոր է: Սրանցից առաջինները լինելով «Օխտիցս քշվածի մեկը» ինչպես կասեր Թումանյանը, «թէ որ պաշտոնները ձեռներիցը առնես», համառորեն գտնում են իրենց տեղը պետական ապա-րատում, ներկայացնելով պետությունը, օգտվում են պետության կողմից ընձեռած ու չընձեռած հնարավորություններից, իրենց ապազգային կեցվածքը ու սեփական հոգու դատարկությունը թաքցնում նույն բառապաշարով ու դատող¬ություն¬ներով, ինչպես շարադրված է վերևում, որով և նպաստում այդպիսի տեսա¬կե¬տի ձևավորմանը ժողովրդի մեջ: Իսկ սրանցից երկրորդը` ապազգ¬ային օլիգարխը, կամ մեծահարուստը, ունենալով նույն վնասակար ու ավերիչ ազդեցությունը, նաև ապերախտ է:

Սրանք իրենց անհոգի, պրագմատիկ ու կուշտ արտահայտություններով, նաև ցինիկ պահվածքով ժողովրդի միջից արմատախիլ են անում թերևս գոյություն ունեցող

Հայրենասիրական ու Ազգասիրական զգացմունքների վերջին ծիլերը, չհասկանալով, որ այսպես կարող է կործանվել այն պետությունն ու ժողովուրդը, որին թալանելով ու ճորտացնելով է կուտակել իր կարծեցյալ հարստությունը: Այս բնութագրումը կարելի է տալ այսօր մեր պետական շատ ու շատ այրերին և տածելով այն հույսը, որ վաղը վերացված կտեսնենք այդ արատները: Այսուհանդերձ Հայ մարդու համար Հայկական պետությունը այնքանով է Ազգային, որքանով ձգտում է նույնանալ Հայրենիք հասկացությանը, որքանով տվյալ պետությունը իրականացնում է Ազգի իղձերն ու ցանկությունները: Իսկ Ազգային պետության արժանի են այն ազգերն ու ժողովուրդները, որոնց մեջ բարձր է Ազգասիրության ու Հայրենասիրության Զգացումը իր պետությանը, հայրենիքին անվերապահորեն ծառայելու կամքը և ներազգային, ներպետական հարաբերութունների մշակույթը:

«Վա՛յ այն հայրենիքին»,- ասում է Նժդեհը,- «որի պաշտպանների հայրենասիրութիւնը իր հիմքում նիւթապաշտիկ է, հաշուետես»: Միաժամանակ նշելով, որ «Ինքնուրույնությունից զուրկ ժողովուրդները չեն կարող պետություն ստեղծել: Պե¬տութիւնը նախատեսում է ինքնուրոյն քաղաքական միտք, պայքարելու ինքնավստահությիւն, կառավարելու նախաձեռնութիւն, իսկ յաղթանակն այլ բան չէ, քան ինքնավստահ նախաձեռնութեան պտուղը»:

ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

Չխոսելով Հային ու Հայությանը վերաբերող կեղծ ու նպատակամղված բնորոշումների ու բնութագրումների մասին, որոնք հիմնականում տարածում են մեր թշնամիները նաև մեր ներքին թշնամին, հնարավորինս սեղմ շարադրենք այն յուրահատկությունները որոնք բնութագրում ու տարբերակում են Հային`Լավագույն Հային: Ինչպես յուրաքանչյուր ազգի այնպես էլ Հայ Ազգի նկարագիրը բնութագրելու համար անհրաժեշտ է խորը իմանալ նախ նրա դիցարանը, ապա նրա պատմությունը, Էպոսը, մշակույթը:

Որն է հայկական նկարագրի հիմնական գիծը,- ասում է Նժդեհը ու պատասխանում`

- Լրջութիւնը, հայու մտաւոր եւ բարոյական լրջութիւնը, որն ամէն բանից առաջ ծանրախոհութիւն է ենթադրում:

Խօսքիս ճշմարտությունը վճռապես հաստատում են`

- Հայ ժողովրդի գործերի հազարամեայ վկան`իր պատմությունը եվ իր էպոսը, որի հերոսների բարքն ու գործերը խոր յարգանք են պարտադրում.

- Իր հեթանոս աստուածները, որոնց օժտել է բարձր հոգեգծերով.

- Վերջապես, իր ինքնատիպ ճարտարապետութիւնը, որի կոթողները, շէն թէ կիսաւեր, կընմանուեն հսկաների, որոնք հայոց երկնքի տակ նստած`ձեռնիծնօտ`կարծես աշխարհի բաներն են խոկում:

- Հայը ոգու ժողովուրդ է, իսկ ոգուն ներյատուկ է տառապանքը:

- Հայն իդէալի ժողովուրդ է, իսկ իդեալը ենթադրում է ոգու խռովք, նպատակասլացութիւն, լավագոյնի կարօտ:

- Հայուն ծանօթ չէ չարութեան ուրախութիւնը:

- Աչքը կուշտ ժողովուրդ – ահա մի ուրիշը – ամենահայկականը հայու գովելի յատկութիւններից:

- Հայի հոգուն անծանօթ է ֆանատիզմը:

- Հայն իր Վահագնը ուներ-աստուածը քաջութեան: Քաջ եւ քաջապաշտ է նա:

- Հայոց ընդհանուր նկարագրի հիմնական որոշիչներից մեկն էլ շինարարական տենչանքն է` անշեջ, անսպառ:

- Հոգեւորապես չափահաս և ազգօրէն ինքնատիպ:

- Գերազանցն իր տեսակի մեջ – ահա ճշմարիտ հայն իբրև ոգի և կերպար:

Եթե առաջնորդվենք «Ծանեա զքեզ» սկզբունքով, եթե փորձենք խորանալ մեր հոգու`Հայի հոգու գաղտնիքների մեջ, եթե անդրադառնանք մեր պատմությանը ու մշակույթին, ճանաչենք ինքներս մեզ, ապա ինքներս կհամոզվենք Նժդեհյան մարգարեությունների անսխալա-կանությանը և կգտնենք մեր մեջ լավագույն Հային և կնմանվենք նրան:

Հայի բարոյական նկարագիրն է տեսնել գեղեցիկի մեջ ավելի գեղեցիկը, մտքի մեջ իմաստությունը, լավագույնի մեջ կատարյալը: Ինչի համար պիտի իմանալ, որ պարտավոր ենք, կամենում ենք և կարող ենք:

Ինչպես

Ինչպես Հայկ Ասատրյանն է գրում. «Քաղաքական աշխատանք տանել կարենալու համար անհրաժեշտ է երեք գործոն,

  1. Պատմական զգացում:
  2. Կազմակերպված ույժ:
  3. Ապագայատենչ խռովք»:

Ովքեր պիտի կատարեն այդ աշխատանքը:

Բնության մեջ կան բազմաթիվ բացարձակ հասկացություններ և այն բնութագրող բանաձևեր և թվեր: Օրինակ π(Պի)-ն որը ինչպես գիտենք հավասար է 3,14-ի տիեզերքում գործող բացարձակ թիվ է: Այն պարզվում է, գործում է նաև հասարակական հարաբերություններում: Եթե հայության 3,14 տոկոսը գիտակցի պահի անհրաժեշտությունը, գնահատի հայության, ապա իր դերը մարդկության օրգանիզմում, վստահաբար կարող ենք ասել, որ կգտնենք այն բոլոր խնդիրների լուծումները, որոնք ծառացել են հայության և մարդկության գլխին:

Հիշեցնեմ, որ Նժդեհի հիմնած Դավիթբեկյան ուխտերը, որոնք կտրուկ փոխեցին Հայոց ճակատագրի ընթացքը ընդհամենը 20 հոգի էին, որոնք վիժեցրեցին ,,Թուրան,, ծրագիրը, որը գործում է նաև այսօր: Եվ այսօր էլ այն մասամբ վիժեցվեց մեր աննման զավակների շնորհիվ, որոնք 44 օրյա պատերազմում մեկ կաթիլ արյան պես հեղեցին իրենց արյունը ու բռնեցին հավերժի ճանփան : Եվ ուրեմն Ազգային Արժեհամակարգը իր մեջ կրող յուրաքանչյուր Հայ, վերարժեվորելով իր դերը, պիտի դառնա կամքի կենտրոն, իր շուրջ միավորելով այն եզակի անհատներին, որոնք միավորվելով հենց Ազգային Արժեհամակարգի շուրջ իրենց ուսերին կրելով հայությանը ամբողջացնելու սրբազան բեռը ի զորու կլինեն լուծելու այն խնդիրները, որոնց մասին խոսեցինք վերևում: Այսօր մեկ խնդիր պիտի լուծենք: Նախ մեր, ապա ժողովրդի հոգեվիճակի բարձրացման խնդիրը, որը կիրականացվի մեր անդավաճան ու միակ դաշնակցի, մեր ինքնության՝ արժեհամակարգի խորը ընկալմամբ, պահպանմամբ ու հարատևմամբ: Իսկ օրենքը՝ ՎՃՌԱԿԱՆ ՄԻԱՅՆԱԿԻ ՕՐԵՆՔՆ Է, որը պիտի գործի այսօր ու հավետ:

20.05.2022

 

Comments